ՙՍևան՚ ազգային պարկի ափամերձ հատվածի ռելիեֆը (լճի ափից մինչև 1916 մետրը) ալիքավոր է և հարթ (Քարտեզ 1): Ափերը հիմականում մեղմաթեք են, տեղ-տեղ զառիթափ` 3-8 մետր բարձրությամբ (օրինակ՝ Վարդենիկ-Արծվանիստ, Արտանիշ թերակղզու արևմտյան հատվածների ափերը): Պարկի Սևանա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի Գիհի-կաղնուտային ռելիկտային հատվածը, ինչպես նաև Սևան և Արտանիշ թերակղզիները ունեն բլրապատ, ժայռոտ և կտրտված ռելիեֆ: Սևանա թերակղզու արևելյան մասը մի ժայռապատ բարձունք է, որի ամենաբարձր կետը հասնում է 1982.3 մետր բարձրության:
Արտանիշ թերակղզու կենտրոնական և արևելյան մասը, 1915-2460.8 մետր բարձրությունների միջև, պատված են լեռնազանգվածով (բացառությամբ նրա արևմտյան մասի, որը հարթ է): Առավելագույն բարձրությունը Ադաթափա գագաթն է՝ 2460.8 մետր բարձրությամբ, որը գտնվում է թերակղզու կենտրոնական մասում: Արտանիշի թերակղզու կենտրոնական մասից լեռնաբազուկները ձգվում են ճառագայթաձև: Այստեղ մշտական հոսող գետեր չկան՝ միայն ժամանակավոր հոսող փոքրիկ գետակներ են:
ՙՍևան՚ ազգային պարկի Գիհի-կաղնուտային ռելիկտային հատվածը հիմնականում ընկած է 1950-ից 2500 մետր բարձրությունների միջև: Ռելիեֆը իրենից ներկայացնում է ուժեղ կտրտված լեռնային լանդշաֆտ, թեք ժայռոտ լանջերով, տարբեր խորության և լայնության ձորերով ու ձորակներով: Խոր ձորերով հոսում են մշտական գետերը՝ Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ:
ՙՍևան՚ ազգային պարկի տարածքը ընդգրկում է Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիչի և այլ գետերի գետաբերանային հատվածները, որտեղ լճի մակարդակի իջեցման և գետերի էրոզիայի բազիսի իջեցման հետևանքով առաջացել են 10-6 մետր խորությամբ ձորակներ:

  • 1
    Share

Թողնել պատասխան