Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը:
Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: 

 Սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1-ից (1991թ.) նվազել է մինչև 1.1՝ 2004 թ. և 1.6` 2005 թ.: Ընդ որում` 1990-ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներն էին, իսկ 1999 թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը: 2004-2005 թթ. սնվող վտառի գերակշռող մասը կազմել են 1+ ձկները (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Սիգի սնվող վտառի տարիքային կառուցվածքը (%) ըստ տարիների

ՏԱՐԻՆԵՐ 1+ 2+ 3+ 4+ 5+ 6+ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔ
1991 2.5 15.4 49.7 32.4 3.1
1998 9.1 70.1 20.6 0.2 2.1
1999 41.7 40.4 16.8 1.1 1.8
2004 93.5 4.9 0.7 0.4 0.3 0.2 1.1
2005 65.0 20.2 10.4 3.3 0.9 0.2 1.6

 

Պոպուլյացիայի առանձնյակների մանրացումը պայմանավորված է նաև օգտագործվող որսամիջոցներով, որոնցով կատարվում է սելեկցիոն որս: Նախկինում հիմնականում օգտագործվել են համեմատաբար խոշոր խորշ ունեցող (45 մմ և ավելի) ցանցեր, ներկայումս առավելապես օգտագործվում են մանր խորշերով ցանցեր (40 մմ և ցածր), որի արդյունքում որսաբաժնում աճում է ոչ արդյունագործական ձկների բաժինը` միաժամանակ քչացնելով պոպուլյացիայի համալրման քանակները: Լճում ձկնային պաշարների նվազման պատճառով մեկ որսամիջոցի (քսակավոր և ձգովի ուռկան) արդյունագործական հզորությունը ընկել է 6-7 անգամ: Այս պարագայում 1+ տարեկան ձկների հետագա չվերահսկվող արդյունահանումը կհանգեցնի ընդհանուր ձկնային պաշարների վերջնական խզման, որի վերականգնման համար կպահանջվեն երկար տարիներ: Ակնհայտ է սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացումը: 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թ. կրճատվել է 17 անգամ: Դա իր բացասական ազդեցությունն է թողնում լճի լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, որով ավելի է խորացվում էվտրոֆացման պրոցեսը:

Սիգը ձվադրում է Սևանա լճի ափամերձ գոտու ամբողջ երկայնքով, հիմնականում 0.5-11 մ խորությունների վրա, գրեթե բոլոր գրունտներում՝ բացառությամբ տիղմի և մակրոֆիտների: Առանձին վայրերում սիգը կարող է ձվադրել մինչև 32 մ խորություններում: Ձվադրավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է լճի մակերեսի մոտ  16 %-ը: Վերջինս վկայում է սիգի բնական վերարտադրության մեծ հնարավորությունների առկայության մասին: Ձվադրումը կատարվում է նոյեմբերի վերջից մինչև հունվարի կեսերը: 2005 թ. սիգի միջին բեղունությունը կազմել է 14500 ձկնկիթ, որը մոտ 25-30 %-ով ցածր է 1980-ական թվականների սկզբի նույն ցուցանիշներից: Վերջինս պայմանավորված է սիգի պոպուլյացիայի չափատարիքային կազմի փոփոխություններով:

Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները պաշարների անխնա շահագործման հետևանք են: Չնայած, յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները: